Back

Իրանական մշակութային օրեր Եվրոպական դպրոցում

Հայաստանում Եվրոպական դպրոցը փետրվարի 2–6-ը՝ հավատարիմ մնալով մարդասիրության, խաղաղասիրության և համերաշխության իր սկզբունքներին, կազմակերպեց Իրանական մշակութային օրեր՝ ի զորակցություն իրանահայ ընտանիքների։ Նախաձեռնությանը ներգրավվեց ողջ դպրոցական համայնքը, այդ թվում՝ դպրոցում սովորող բազմաթիվ իրանահայ աշակերտներ։ Օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան իրանական մշակույթի տարբեր դրսևորումներին՝ պատմությանը, կենցաղին ու սովորույթներին, ինչպես նաև խոհանոցին, գրականությանը և երաժշտությանը։

Մշակութային օրերի նպատակը ոչ միայն «մեկ շաբաթվա տոն» ստեղծելն էր, այլ կրթական և արժեքային կարևոր խնդիր լուծելը՝ սովորողներին ծանոթացնել Իրանի մշակութային ժառանգությանը հասանելի, հետաքրքիր և սաների տարիքին համապատասխան ձևաչափերով, զարգացնել մշակութային բազմազանության ընկալումը, խթանել փոխադարձ հարգանքը և ամրապնդել դպրոց–ընտանիք համագործակցությունը։

Երաժշտություն

Մշակութային օրերի մեկնարկը նշանավորվեց իրանական դասական և ժողովրդական երաժշտությանը նվիրված միջոցառումներով։ Սովորողները ծանոթացան երաժշտական գործիքների պատմությանը և կառուցվածքին, սովորեցին իրանական մանկական երգեր։

3-րդ և 4-րդ դասարանների համար անցկացվեց համերգ-սեմինար՝ Բ Կանաչյանի երաժշտական դպրոցի սովորողների մասնակցությամբ ներկայացվեցին սանթուր, քամանչա, ուդ, թառ, քանոն և այլ գործիքներ։ Միջոցառումն ավարտվեց միասնական երգեցողությամբ՝ որպես հայ–իրանական մշակութային համագործակցության խորհրդանշական դրվագ։

Խոհանոց

Փետրվարի 3-ին դպրոցի ճաշարանում անցկացվեց իրանական ավանդական ուտեստների ցուցադրությունն և համտեսը, որի առանցքում սովորողների համար Իրանի ազգային խոհանոցին ծանոթանալն էր, ինչպես նաև դպրոց–ընտանիք կապի ամրապնդումը։ Առավոտյան ուտեստները ընդունվեցին և դասավորվեցին, կատարվեց կարճ ներկայացում ու տեղադրվեցին անվանումները, որպեսզի երեխաները համտեսի ընթացքում կարողանան ճանաչել սննդատեսակները։

Համտեսը կազմակերպվեց ճաշի ժամին՝ մեծ հետաքրքրությամբ դպրոցականները բացահայտեցին նոր համեր ու հասկացան խոհանոցի մշակութային նշանակությունը։ Միջոցառմանը ակտիվ մասնակցեցին նաև իրանահայ ծնողները՝ դպրոց բերելով ավանդական ուտեստներ և ներկայացնելով դրանց բաղադրիչները, ինչը ստեղծեց ջերմ ու համայնքային մթնոլորտ։

Պատմություն և աշխարհագրություն

Փետրվարի 4-ին դպրոցականները մասնակցեցին Իրանի պատմության և աշխարհագրության վերաբերյալ դասախոսություններին ու վիզուալ ցուցադրություններին։ Քարտեզների, պատկերների և տեսանյութերի միջոցով ներկայացվեցին Իրանի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև հայ–իրանական պատմական կապերը։

Գրականություն և լեզու

Մշակութային օրերի ուղղություններից մեկն էլ  իրանական գրականությանը և լեզվին նվիրված նախաձեռնությունն էր։ Դպրոցում ստեղծվեց «Իրանական գրականության անկյուն»՝ հայերեն թարգմանված գրքերի ցուցադրությամբ։

Փետրվարի 5-ին նախաձեռնությունը ստացավ հատուկ շեշտադրում դասամիջոցների ընթացքում դպրոցի բարձրախոսով հնչեցին իրանական պոեզիայի կարճ հատվածներ՝ սովորողների, ուսուցիչների և ծնողների ձայնագրություններով։

Գրական շաբաթվա շրջանակում իրականացվեցին նաև պարսկական ժողովրդական հեքիաթների ընթերցումներ մայրենիի դասաժամերին՝ քննարկմամբ և հայկական հեքիաթների հետ հնարավոր զուգահեռներով։ Միջոցառման շրջանակներում առանձին ընդգծվեց նաև հայերենում պարսկերենից եկած փոխառությունների ուսումնասիրման նախագիծը։ Սովորողների մասնակցությամբ կազմավորվեցին աշխատանքային խմբեր, հավաքագրվեցին բառեր, պատրաստվեցին սահիկներ։ Պարսկերեն իմացեղ  սովորողները դասընկերներին ներկայացրին և բացատրեցին բառեր՝ դառնալով «սովորեցնող սովորողներ»։

Այցեր

Փետրվարի 5-ին մշակութային օրերը դուրս եկան դպրոցի սահմաններից։ 8-րդ դասարանների համար կազմակերպվեց կրթական էքսկուրսիա դեպի Երևանի Կապույտ մզկիթ՝ մասնագիտական էքսկուրսավարի ուղեկցությամբ և տեղում նախատեսված թարգմանիչների աջակցությամբ։ Այցի նպատակը մզկիթի պատմության ու ճարտարապետական առանձնահատկությունների ներկայացումն էր, ինչպես նաև Իրանի մշակութային և կրոնական ժառանգության դրսևորումների բացահայտումը Հայաստանում՝ հայ–իրանական կապերի շեշտադրմամբ։

Նույն օրը 7-րդ դասարանները այցելեցին Իրանական մշակույթի կենտրոն՝ ծանոթանալու Իրանի ժամանակակից մշակութային կյանքին, ավանդույթներին և հայ–իրանական մշակութային համագործակցության ձևերին։ Այս այցերը դարձան շաբաթվա նյութի տրամաբանական շարունակությունը։

Բաց քննարկումներ

Մշակութային օրերի ամփոփիչ տրամաբանության մեջ կարևոր տեղ ունեցան հանդիպումները Իրանի մշակույթի ներկայացուցիչների հետ՝ 8-րդ և 9-րդ դասարանների մասնակցությամբ։ Հարցուպատասխանի և փորձի փոխանակման ձևաչափը ստեղծեց մշակութային երկխոսություն, որտեղ սովորողները կարողացան ոչ միայն լսել, այլ նաև հարցնել, համեմատել, ձևակերպել իրենց դիրքորոշումները և ավելի գիտակից կերպով հասկանալ հարևան երկրի մշակութային բազմաշերտությունը։

Մեկ շաբաթ, որ դարձավ երկարատև հիշողություն

Փետրվարի 2–6-ը անցկացված Իրանական մշակութային օրերը Եվրոպական դպրոցի կյանքում ձևավորեցին համագործակցության, ճանաչողության և փոխադարձ հարգանքի ամուր միջավայր։ Միջոցառումների բազմազանությունը՝ երաժշտությունից մինչև գրականություն, պատմությունից մինչև խոհանոց, դասարանային աշխատանքից մինչև էքսկուրսիաներ, ցույց տվեց, որ մշակութային կրթությունը կարող է լինել միաժամանակ խորքային, կազմակերպված և ոգեշնչող։

Այս նախաձեռնությունը հատկապես կարևոր էր իրանահայ ընտանիքների ներգրավվածության տեսանկյունից: Նախաձեռնության հիմնական ուղերձն էր՝ հարևանների հետ խաղաղասիրական և մարդասիրական կամուրջներ կառուցելը սկսվում է դպրոցից՝ երեխաների փորձառությունից, միասին երգելուց, կարդալուց, համտեսելուց և հարցեր տալուց։

Միջոցառումը արտացոլեց IB Ուսանողի Պրոֆիլի մի շարք կարևոր հատկանիշներ`

  • Իրազեկներ (Knowledgeable) – Ուսումնասիրում են հասկացություններ, գաղափարներ և խնդիրներ տարբեր գիտակարգերում՝ ներգրավվելով տեղական և համաշխարհային նշանակություն ունեցող կարևոր թեմաների մեջ:
  • Բաց միտք ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա:
  • Հոգատարներ (Caring) – Ցուցաբերում են կարեկցանք, գթասրտություն և հարգանք. ունեն նվիրվածություն ծառայելու հանրությանը և գործում են՝ դրական փոփոխություններ բերելու այլոց կյանքում և շրջակա աշխարհում:
  • Հաղորդակիցներ (Communicators) – Իրենց գաղափարներն արտահայտում են վստահորեն և ստեղծագործաբար՝ մի քանի լեզուներով և հաղորդակցման տարբեր միջոցներով. արդյունավետ համագործակցում են՝ ուշադիր լսելով այլ անհատների և խմբերի տեսակետները: