Բարբառների ներկայացում-մրցույթ․ լեզվի կենդանի շունչը Եվրոպական դպրոցում
2026թ․ փետրվարի 13-ին միջին դպրոցում կայացավ «Բարբառների ներկայացում» մրցույթ-միջոցառումը, որն անցկացվեց «Մայրենիի շաբաթ» նախաձեռնության շրջանակում։ Միջոցառումը նպատակ ուներ արժևորելու հայերենի բարբառների հարստությունը՝ դրանք ներկայացնելով մշակույթի, խոհանոցի, տարազի և ազգային ավանդույթների համատեքստում։
Հայերենի բարբառները մեր լեզվի կենսունակ արտահայտությունն են։ Դրանք ձևավորվել են տարբեր տարածաշրջաններում՝ կրելով տվյալ վայրի պատմական, աշխարհագրական և մշակութային առանձնահատկությունները։ Այս գաղափարով էլ մրցույթը կառուցված էր ոչ միայն որպես ներկայացում, այլև որպես խորքային հետազոտական աշխատանք։
Վիճակահանության միջոցով յուրաքանչյուր դասարան ստացավ մեկ բարբառ։ Սովորողները ուսումնասիրեցին տվյալ տարածաշրջանի՝
- մշակութային ժառանգությունը,
- պատմական առանձնահատկությունները,
- աշխարհագրական դիրքը,
- ազգային տարազը և դրա առանձնահատկությունները։
Նրանք պատրաստեցին բովանդակալից բուկլետներ, որտեղ ներառված էին քարտեզներ, տարազների նկարագրություններ և հետաքրքիր փաստեր տարածաշրջանի մասին։
Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր տվյալ տարածաշրջանին բնորոշ որևէ ուտեստ։
Միջոցառումը մրցութային էր, հաղթեց 6/1 դասարանը։
Շնորհավորում ու շնորհակալություն ենք հայտնում մասնակիցներին։
Միջոցառումը արտացոլեց IB Ուսանողի Պրոֆիլի մի շարք կարևոր հատկանիշներ`
- Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա:
- Հոգատարներ (Caring) – Ցուցաբերում են կարեկցանք, գթասրտություն և հարգանք, ունեն հանրությանը ծառայելու նվիրվածություն և գործում են՝ դրական փոփոխություններ բերելով այլոց կյանք և շրջակա աշխարհ:
- Հետազոտողներ (Inquirers) – Նրանք բավարարում են իրենց հետաքրքրասիրությունը՝ զարգացնելով հետազոտական մտածողությունը և տեղեկատվության որոնման հմտությունները։ Այս գործընթացը ձևավորում է ուսումնառության հանդեպ սեր և գիտելիքի անընդհատ ձգտում, որը ուղեկցում է նրանց ողջ կյանքի ընթացքում։
- Գիտակներ (Knowledgeable) – Ուսումնասիրում են հասկացություններ, գաղափարներ և խնդիրներ տարբեր գիտակարգերում՝ ներգրավվելով տեղական և համաշխարհային նշանակություն ունեցող կարևոր թեմաների մեջ:










