Back

«Ուսուցիչ-ծնող» փոխհամագործակցության կարևորությունը ուսումնական գործընթացում

Ուսումնական գործընթացի արդյունավետությունը պայմանավորող կարևոր գործոններից մեկը «ուսուցիչ-ծնող» փոխհամագործակցությունն է, ինչը հնարավորություն է տալիս առավել լավ ճանաչել երեխային և նրա առանձնահատկությունները։ «Ուսուցիչ-ծնող» փոխհամագործակցության դրական արդյունքը ուսումնական պրոցեսում երեխայի ակտիվ ներգրավումն է, ինչպես նաև երեխայի կողմից սովորելու գործընթացը ոչ թե որպես «տանջանք», այլ հետաքրքիր, արդյունավետ գործընթաց ընկալելը։ Երեխայի ուսումնական մոտիվացիայի ձևավորման և ուսումնական գործընթացում ներգրավման համար «ուսուցիչ-ծնող» փոխհարաբերությունների միջոցով անհրաժեշտ է

    • Աշակերտի մոտ ձևավորել դրական վերաբերմունք՝ ուղղված ուսումնական գործընթացին․ սովորելը չներկայացնել որպես պարտականություն կամ պատժից խուսափելու միջոց։ Կարևորել ուսումնական գործընթացը՝ խոսելով վերջինիս դրական բույթի մասին։
    • Հասկանալ աշակերտի խնդիրները․ «ուսուցիչ-ծնող» համագործակցությունը ենթադրում է աշակերտի խնդիրների տարբեր կողմերից դիտարկում և հասկացում (երեխան տանը, երեխան դպրոցում),
    • Ուսումնական նպատակների ձևավորում․ համապատասխան ուսումնական գործընթացի՝ երեխայի հետ տանը ձևակերպել ուսումնական նպատակները՝ հաշվի առնելով նրա ցանկությունները/օրինակ՝ հանգստի, ազատ ժամանակի հնարավորություն/,
    • Լինել օրինակ երեխայի համար․ հատկապես կրտսեր դպրոցական տարիքում երեխայի՝ դպրոցին, ուսմանը ուղղված վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել ծնողների վերաբերմունքով։ Հարկավոր է դրական օրինակ լինել երեխայի համար՝ փորձելով առանց գնահատողական վերաբերմունքի քննարկել և լուծել առաջացած խնդիրները։
  • Խրախուսել երեխային․շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ խրախուսել երեխային ՝ իր ուսումնական հաջողությունների համար։
  • Լինել երեխայի կողքին․ օգնել երեխային, միասին հաղթահարել ուսումնական գործընթացում առաջացած խնդիրները՝ չմոռնալով «ծնող-ուսուցիչ» համագործակցության մասին։ 

Հիշեք, որ կարևոր է լինել երեխայի կողքին՝ այստեղ և հիմա։ 

     Հոգեկան առողջության օր 

Հոկտեմբերի տասը՝ որպես հոգեկան առողջության միջազգային օր

Հոգեկան առողջության համաշխարհային միության նախաձեռնությամբ, 1992 թվականից սկսած, ամեն տարի հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության միջազգային օր։ 

Հոգեկան առողջությունը անձի լիարժեք բարենպաստ հոգևոր վիճակն է, որը բնութագրվում է անձի՝ սեփական հոգեկան վիճակը, վարքը, ինչպես նաև շրջապատող իրականությունը ադեկվատ գիտակցելու կարողությամբ։ 

Մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել հոգեկան առողջությունը․

  • Փորձեք հետևել օրվա սահմանված գրաֆիկին
  • Ամեն օր արթնացեք և քնեք նույն ժամին,
  • Հետևեք առողջ սննդակարգին,
  • Զբաղվեք սպորտով,
  • Ժամանակ հատկացրեք աշխատանքի և հանգստի համար,
  • Ժամանակ հատկացրեք սիրելի զբաղմունքների համար։
  • Փորձեք նվազեցնել սթրես առաջացնող լուրերի ընթերցանությանը, դիտմանը, կամ լսելուն հատկացվող ժամանակը։
  • Պահպանեք սոցիալական շփումները։ 
  • Զերծ մնացեք վնասակար սովորույթներից։

Եղե՛ք առողջ, հետևե՛ք Ձեր հոգեկան առողջությանը։    

Ուսումնական մոտիվացիա

Ինչպե՞ս ձևավորել ուսումնական մոտիվացիա

Ուսումնական մոտիվացիան այն գործընթացների, մեթոդների, միջոցների ընդհանուր անվանումն է, որոնք նպաստում են սովորողի արդյունավետ ճանաչողական գործունեությանը, ինչպես նաև ուսումնական նյութի ակտիվ յուրացմանը։

Ընդհանուր առմամբ ուսումնական մոտիվացիայի ձևավորմանը նպաստում են․

  • Դպրոցին ուղղված դրական վերաբերմունքը,
  • Աշակերտների ներգրավվածությունը դասարանական աշխատանքներում,
  • «Աշակերտ-ուսուցիչ» առողջ հարաբերությունների կառուցումը, 
  • Ուսումնական նյութի այլընտրանքային, ինտերակտիվ մատուցումը,
  • Ճանաչողական խաղերի, դիսսկուսիաների օգտագործումը,
  • Աշակերտի ինքնուրույնության և ինքնակառավարման զարգացումը՝ ուղղված ուսումնական գործունեությանը։
  • «Աշակերտ-աշակերտ» առողջ փոխհարաբերությունների ձևավորումը,
  • Աշակերտներին ուղղված խրախուսանքները,
  • Աշակերտների հետաքրքրություններին ուղղված խրախուսանքը,
  • Առողջ քննադատությունը

Ուսումնական մոտիվացիայի ձևավորումը պետք է լինի ուսուցչի և ծնողների համատեղ աշխատանքի նշանակալի մասը, ինչն էլ հնարավոր կդարձնի ուսումնական պրոցեսում սովորողների ներգրավվածության ցուցանիշի, ինչպես նաև գիտելիքների որակի բարձրացումը։ 

Դեռահասություն․ «Ինձ ոչ ոք չի հասկանում»

Դեռահասությունը մարդու կյանքի ամենաբարդ փուլերից մեկն է։ Այս շրջանում դեռահասների մոտ տարածված է «ինձ ոչ ոք չի հասկանում» միտքը։ 

Ինչպե՞ս հասկանալ դեռահասին, լինել նրա ընկերը։

Լսել դեռահասին

Պետք չէ դեռահասին վերաբերվել ինչպես երեխայի՝ դա վիրավորում է նրա՝ մեծահասակի զգացումը։ «Ես ուշադիր լսում եմ քեզ, հետաքրքիր առաջարկ ես կատարում, եթե ուզում ես, կարող ենք այլ տարբերակներ ևս քննարկել»։

Հարգել դեռահասին

Շատ հաճախ դեռահասները բախվում են ծնողական կատեգորիկ արգելքների։ Նմանատիպ արգելքները առաջացնում ու ամրապնդում են կոնֆլիկտները, քանի որ դեռահասին թվում է, թե ծնողները չեն վստահում իրեն։ Փոխարինեք հրամայական վերաբերմունքը ընկերականի։ Ընդունեք նրան որպես Ձեզ հավասար անձ, հարցրեք նրան կարծիքը, մոտեցումը այս կամ այն հարցրի վերաբերյալ։

Առավել շատ ժամանակ անցկացնել դեռահասի հետ․

Ոչինչ առավել լավ չի ամրապնդում ծնող-դեռահաս հարաբերությունները, որքան համատեղ ժամանակի անցկացումը․ 

Տալ ընտրության հնարավորություն

Որոշում մի կայացրեք դեռահասի փոխարեն, մի պարտադրեք Ձեր մոտեցումը․ «Ես քո ծնողն եմ, ավելի լավ գիտեմ, թե քեզ համար որն է ճիշտ» միտքը կարելի է փոխարինել «Արի մի քանի տարբերակ էլ դիտարկենք, միասին հասկանանք՝ որն է ավելի լավը» տարբերակով։

Բացատրել դեռահասին․

Պետք է հիշել, որ դեռահասների դեպքում հրամայական վերաբերմունքը ՃԻՇՏ չէ։ Եթե կարծում եք, որ դեռահասը ինչ-որ բան սխալ է անում, քննարկեք, բացատրեք իրավիճակը։ Օրինակ` եթե դեռահասը ուշ է տուն գալիս, պետք չէ բղավել, արգելքներ սահմանել։ Բացատրեք նրան, որ դուք անհանգստանում էիք, միասին որոշեք տուն վերադառնալու օպտիմալ ժամը։

Պարզապես եղեք դեռահասի կողքին՝ այստեղ և հիմա, հիշեք, որ տարիքային բոլոր խնդիրները առավել հեշտ հաղթահարելի են աջակցության և փոխհասկացման շնորհիվ։

  Անձնային սահմաններ

Երեխաների անձնային սահմանների ձևավորման գործընթացում կարևոր դերակատարում ունեն ծնողները։ Անձնային սահմանների ձևավորումը առաջին հերթին նպաստում է առողջ փոխհարաբերություններ կառուցելուն։ Կարևոր է հիշել, որ, պայմանավորված տարիքով, անձնային սահմանները կարող են «փոփոխվել»։ 

Ինչպե՞ս կարող ենք նպաստել երեխաների անձնային սահմանների ձևավորմանը։ Կարևոր է

  1. Երեխային տալ ազատ ընտրության հնարավորություն

Կարևոր է երեխային ազատ ընտրելու հնարավորություն տալ։ Մեծահասակը կամ ծնողը ուղղորդելու համար կարող է մի քանի տարբերակներ առաջարկել՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով երեխային իր ցանկությամբ ընտրել առավել նախընտրելին։

  1. «Ոչ» ասելու իրավունք

«Ոչ» ասելու կարողության առկայությունը նպաստում է երեխայի ինքնուրույնության ձևավորմանը։ Դա թույլ է տալիս երեխային հասկանալ, որ իր կարծիքը կարևոր է, ինքը ևս կարող է իր կյանքին վերաբերող կարևոր հարցերը լուծել։ 

  1. Գերխնամքի նվազեցում

Գերխնամքի նվազեցումը ևս կարևոր է անձնային սահմանների ձևավորման համար։ Եթե երեխան կարողանում է որոշումներ կայացնել, իրագործել դրանք՝ պահպանելով իր անվտանգությունը, կարելի է թույլ տալ նրան ինքնուրույն գործել։ 

Երեխայի անձին ուղղված հարգանքը նպաստում է նրա հարմոնիկ զարգացման, ինքնուրույնության, ինքնավստահության ձևավորմանը։ Պետք է հիշել, որ ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները ուզում են լինել լսելի՝ ունենալով սեփական մոտեցում և ընտրության հնարավորություն։