Կրթական գործընթացում դաստիարակների և ծնողների համագործակցության կարևորությունը
«Եվրոպական դպրոց»-ում յուրաքանչյուր սովորողի հոգեբանական բարեկեցությունն ու ներդաշնակ զարգացումը կրթական գործընթացի կարևոր արժեքներից են։
Դպրոցում ստեղծվում է այնպիսի միջավայր, որտեղ սովորողը ձեռք է բերում գիտելիքներ, զարգացնում է սոցիալական և հուզական հմտությունները, ձևավորում ինքնավստահություն, պատասխանատվության զգացում և համագործակցային կարողություններ։
Դպրոցի հոգեբանական ծառայության նպատակն է նպաստել սովորողների անձնային, հուզական և սոցիալական առողջ զարգացմանը, ապահովել անվտանգ և աջակցող կրթական միջավայր, ինչպես նաև ձևավորել արդյունավետ համագործակցություն ընտանիքի և դպրոցի միջև՝ յուրաքանչյուր սովորողի ներուժի լիարժեք բացահայտման համար։
Ինչպե՞ս է դպրոցը համագործակցում ծնողի հետ
Դպրոցում սովորողների հուզական և սոցիալական բարեկեցությունը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում։ Հոգեբանը և դպրոցի մասնագետները համագործակցում են՝ հետևելով սովորողների հարմարվողականությանը, վարքագծին, ուսումնական և սոցիալական ակտիվությանը։
Եթե դիտարկումների ընթացքում նկատվում են դժվարություններ կամ փոփոխություններ, որոնք կարող են անդրադառնալ սովորողի բարեկեցության կամ ուսումնառության վրա, դպրոցն իր նախաձեռնությամբ կապ է հաստատում ծնողի հետ։
Ծնողի հետ քննարկվում են առկա առանձնահատկությունները, անհրաժեշտության դեպքում իրականացվում է հոգեբանական գնահատում, և համատեղ մշակվում են սովորողին աջակցելու արդյունավետ և հստակ քայլեր։
Ե՞րբ կարող է ծնողը դիմել դպրոցի հոգեբանին
Ծնողի և դպրոցի հոգեբանի համագործակցությունը սովորողի հոգեբանական բարեկեցության ապահովման կարևոր պայմաններից է։ Մասնագիտական աջակցությունը հատկապես արդյունավետ է, երբ դժվարությունները նկատվում և քննարկվում են վաղ փուլում։
Ծնողը կարող է դիմել դպրոցի հոգեբանին, եթե նկատում է, որ երեխան՝
- դժվարությամբ է հարմարվում դպրոցական միջավայրին,
- հաճախ հրաժարվում է դպրոց հաճախելուց կամ արտահայտում է դպրոց գնալու վախ,
- դժվարանում է շփվել հասակակիցների հետ կամ չի կարողանում կառուցել ընկերական հարաբերություններ,
- հաճախ հայտնվում է կոնֆլիկտային իրավիճակներում,
- նկատվում է ինքնավստահության նվազում կամ ցածր ինքնագնահատական,
- կորցրել է սովորելու նկատմամբ հետաքրքրությունը,
- բախվել է բուլինգի կամ սոցիալական այլ դժվարությունների,
- ցուցաբերում է վարքագծի կտրուկ կամ անսպասելի փոփոխություններ։
Դպրոցի հոգեբանին դիմելը կարևոր քայլ է երեխայի բարեկեցության պահպանման գործում։ Այն հնարավորություն է տալիս մասնագիտական տեսանկյունից հասկանալ երեխայի կարիքները և դպրոցի հետ համագործակցությամբ ընտրել աջակցության ամենաարդյունավետ տարբերակները։
Ի՞նչ անել, երբ երեխան առաջին անգամ է գալիս դպրոց
Դպրոց հաճախելու առաջին շրջանը երեխայի կյանքի կարևոր փուլերից մեկն է։ Այս ընթացքում նա հարմարվում է նոր միջավայրին, նոր հարաբերություններին և նոր առօրյային, ուստի որոշ վարքային և հուզական փոփոխություններ բնական են։
Ադապտացիոն փուլում կարող են նկատվել հետևյալ դրսևորումները․
- երեխան կարող է առավոտյան դժկամությամբ գնալ դպրոց,
- կարող է զգալ անհանգստություն կամ լարվածություն նոր միջավայրում,
- հնարավոր է ծնողից բաժանվելու դժվարություն,
- կարող է արագ հոգնել կամ դառնալ ավելի զգայուն,
- կարող է լինել ինչպես լռակյաց, այնպես էլ չափազանց ակտիվ՝ կախված իր անհատական առանձնահատկություններից։
Այս դրսևորումները սովորաբար ժամանակավոր են և աստիճանաբար նվազում են՝ երեխայի հարմարվելու հետ մեկտեղ։
Ինչպե՞ս կարող է ծնողը աջակցել երեխային
- ներկայացնել դպրոցը դրական և հանգիստ ձևով,
- խրախուսել երեխայի նույնիսկ փոքր հաջողություններն ու ինքնուրույն քայլերը,
- պահպանել հանգիստ, համբերատար և աջակցող վերաբերմունք,
- պահպանել համագործակցությունը դպրոցի հոգեբանի հետ՝ անհրաժեշտության դեպքում միասին քննարկելով երեխայի առաջընթացն ու դժվարությունները։
Յուրաքանչյուր երեխայի ադապտացիան անհատական գործընթաց է։ Դպրոցը մշտապես հետևում է սովորողների բարեկեցությանը և անհրաժեշտության դեպքում նախաձեռնությամբ համագործակցում է ծնողների հետ։