Ծնողներն ու դպրոցը՝ միասին
Նոյեմբերի 2-ին Եվրոպական դպրոցում տեղի ունեցան ծնողների անհատական հանդիպումներ ուսուցիչների և դասղեկների հետ։
Նման հանդիպումները դպրոց-ծնող համագործակցության կարևոր մասն են։ Դրանք հնարավորություն են տալիս քննարկելու սովորողների առաջընթացը, ձեռքբերումներն ու զարգացման ուղղությունները, փոխանակելու դիտարկումներ և միասին գտնելու յուրաքանչյուր սովորողին աջակցելու արդյունավետ ուղիներ։
Հանդիպումների ընթացքում կարևորվեց նաև սովորողի ակտիվ դերը սեփական ուսումնառության մեջ։ Մեր սովորողները ներգրավվում են իրենց ուսումնական ուղու պլանավորման գործընթացում, անդրադառնում սեփական առաջընթացին, գնահատում իրենց ձեռքբերումներն ու ներկայացնում սովորածը։ Այս մոտեցումը նպաստում է հաղորդակցման, ինքնագնահատման և առաջնորդության հմտությունների զարգացմանը՝ ձևավորելով ինքնուրույն, պատասխանատու և սկզբունքային անհատներ։
Երբ ծնողները, ուսուցիչներն ու սովորողները համագործակցում են՝ ունենալով ընդհանուր նպատակ, ամրապնդվում է փոխադարձ վստահությունը, իսկ դպրոցը դառնում է ավելի համախմբված կրթական համայնք, որտեղ յուրաքանչյուր սովորողի առաջընթացը բոլորի համատեղ ձեռքբերումն է։